Ֆրանսիան Իրանին կոչ է արել ազատ արձակել մարդաբան Ադելհային
Ֆրանսիան Իրանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել ֆրանսիացի մարդաբան Ֆարիբա Ադելհային, ով չորեքշաբթի բանտարկվել է Թեհրանում։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք զարմանքով տեղեկացանք, որ Իրանի իշխանությունները, առանց որեւէ բացատրության կամ նախնական ծանուցման, որոշել են կրկին կալանավորել մեր հայրենակից Ֆարիբա Ադելհային,- ասվում է կոմյունիկեում։- Ֆրանսիան պահանջում է անհապաղ ազատ արձակել տիկին Ադելհային»։
Ըստ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական դիրքորոշման՝ մարդաբանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր ապացույցներ չունի,եւ նրա դատավճիռը «զուտ քաղաքական է եւ կամայական»։ «Այն վերակալանավորման որոշումը, որը մենք դատապարտում ենք, կարող է միայն բացասական հետեւանքներ ունենալ Ֆրանսիայի եւ Իրանի հարաբերությունների վրա եւ նվազեցնել վստահությունը մեր երկրների միջեւ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ադելհան ծնվել է Թեհրանում 1959 թվականին, բարձրագույն կրթություն ստացել է Ֆրանսիայում։ Նա մասնագիտացած է Իրանի եւ Աֆղանստանի թեմայում եւ աշխատել է Փարիզում գործող Sciance Po քաղաքական հետազոտությունների ինստիտուտում: 2019 թվականի հուլիսի 14-ին նա ձերբակալվել է Իրանում՝ լրտեսության կասկածանքով, իսկ 2020 թվականի մայիսին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ «համակարգի դեմ քարոզչության» եւ «ազգային անվտանգության խարխլման նպատակով դավադրության համար»։ 2020 թվականի աշնանը նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի, որը նա կրում էր Թեհրանում։