Չինաստանում կինը լոքդաունի պատճառով «կույր ժամադրության մեջ է մնացել»
Պատկերացրեք, որ դուք առաջին ժամադրության եք գնացել, որը չի ավարտվում: Հենց սա է, տեղի ունեցել Չինաստանում մի կնոջ հետ, ում տեսանյութերն այն մասին, թե ինչպես է նա կույր ժամադրության ժամանակ հայտնվել ամբողջ քաղաքի լոքդաունի մեջ, տարածվել են ամբողջ համացանցում, հայտնում է AFP-ն։
Անցած շաբաթվանից Չինաստանի կենտրոնական Չժենչժոու քաղաքում գրանցվել է վիրուսի ավելի քան 100 դեպք։ Անցյալ չորեքշաբթի քաղաքի որոշ հատվածներ հանկարծ փակվել են, երբ Վանգ անունով մի կին կույր ժամադրության ժամանակ ընթրելիս է եղել պոտենցիալ փեսացուի տանը:
«Հենց այն բանից հետո, երբ ես ժամանեցի Չժենչժոու, բռնկում եղավ, ու լոքդաուն մտցրեցին, եւ ես չկարողացա հեռանալ»,- ասել է Վանգը The Paper-ին՝ հավելելով, որ նա մեկնել էր այնտեղ մեկշաբաթյա ճանապարհորդության, որպեսզի հանդիպի հավանական փեսացուների հետ: Նրանցից մեկը ցանկացել է ցուցադրել իր խոհարարական հմտությունները եւ նրան հրավիրել է իր տուն՝ ընթրիքի։
Այդ ժամանակվանից ի վեր Վանգը հրապարակում է կարճ տեսանյութեր, որոնք վկայում են մեկուսացման մեջ նրա առօրյայի մասին, որտեղ երեւում է, որ պոտենցիալ փեսացուն նրա համար ուտելիք է պատրաստում, տնային գործերով է զբաղվում եւ աշխատում է իր նոութբուքի դիմաց:
Առայժմ կարծես ռոմանտիզմ չի առաջացել նրանց երկար ժամադրության ընթացքում։ Վանգի խոսքով՝ ինքն ավելի զրուցասեր զուգընկեր է փնտրում։
Վանգը չի հայտնել ոչ իր տարիքը, ոչ տեսանյութում պատկերված տղամարդու ինքնությունը։