Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ճնշելու է ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու փորձերը։
«Ես տեղեկություն չունեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, կարծում եմ, որ հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես գիտեք, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և այս տարի լրանում է 30 տարին, հավանաբար զբաղված են այդ միջացոռումների նախապատրաստմամբ։ Կատակը մի կողմ, կարծում եմ, որ իրենք իրենց համար օրակարգ պետք է կազմեն»,- ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ալիևը` ծաղրելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։
Նա նշել է, որ պատկերացում ունի, թե ինչ պետք է անեն, ինչը՝ ոչ։ «Այն, ինչ նրանք չպետք է անեն, ես կարող եմ ասել: Նրանք չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք նրանց փոխարեն լուծեցինք այս խնդիրը: Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, դրանով է պայմանավորված», - ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ Ադրբեջանը ճնշելու է ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։
Նա նշել է, թե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեջ նախկինի պես միասնականություն չկա։ «Իմ դատողությունները վկայում են դա։ Վերջին շրջանում հատկապես սրվել են հարաբերությունները այս երկրների միջև, և նրանք տարբեր կարծիքներ ունեն անցյալի հակամարտության և ներկա իրավիճակի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ նրանք կարող են համաձայնության գալ։ Համենայն դեպս, նրանց ակտիվության նման ցածր մակարդակը մեզ բոլորովին չի անհանգստացնում, կամ գուցե հակառակը: Սկզբունքորեն, 30 տարվա աշխատանքային ստաժ, նրանք թոշակի շեմին են: Ուստի մաղթում եմ նրանց երկար կյանք և քաջառողջություն»,- եզրափակել է Ալիևը: