Կորոնավիրուսը հաղթահարելուց հետո Մաքսիմը թոքի փոխպատվաստման կարիք ունի
Երգչուհի Մաքսիմը, որը 2021թ․-ին COVID-19-ով վարակվելուց հետո հայտնվել է կոմայում, հրաշքով է կարողացել հաղթահարել հիվանդությունը։ Սակայն այն լրջորեն ազդել է երգչուհու առողջության վրա։
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի աղբյուրները, որոնք ծանոթ են երգչուհու հիվանդության պատմությանը, հայտնում են, որ այն ընթացքում, երբ Մաքսիմը միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին, գրեթե ամբողջ թոքային հյուսվածքը ատրոֆիայի է ենթարկվել։ Ըստ պարբերականի՝ այն մնացել է «նվազագույն քանակով»։
Երգչուհուն խորհուրդ են տալիս թոքի փոխպատվաստում կատարել, քանի որ գրեթե անհնար է վերականգնել հիվանդության կողմից քայքայված հյուսվածքը։ «Հնարավոր է պահպանել միայն այն, ինչ կա։ Կկարողանա՞ նա հետագայում երգել։ Լիովին հնարավոր է, քանի որ նրա ձայնալարերն աշխատում են։ Բայց քանի որ թոքերում օդի պահուստային քանակը շատ ավելի քիչ է, նա ստիպված կլինի երգել առանց երկար նոտաների»,- հայտնել է ինսայդերը։