Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Թուրքիայի իշխանությունները 33 անձի ձերբակալման հրաման են տվել, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության (FETO) գործունեության հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի մեջ, հայտնում է Milliyet-ը։
Անկարայի գլխավոր դատախազությունը, նշում է պարբերականը, հայտարարություն է տարածել՝ ըստ որի Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել։ Պարզվել է, որ դրանցում ընդգրկված են Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը եւ անվտանգության մասնավոր ընկերությունները։ 33 կասկածյալի ձերբակալման հրաման է տրվել 26 նահանգներում, այդ թվում՝ 18 ենթասպաների եւ 15 կուրսանտների, ովքեր ավելի վաղ հեռացվել էին ակադեմիայից:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորականներ եւ սպաներ պետական հեղաշրջման փորձ կատարեցին։ Հիմնական դիմակայությունը ծավալվեց Ստամբուլում եւ Անկարայում, 250 մարդ զոհվեց՝ չհաշված պուտչիստներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց։ Անկարան հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա հետ կապված FETO-ին։