Նռան ծառերն էինք ջրում, երբ կրակեցին. խաղաղապահները եկան, նոր դուրս եկանք. արցախցի տրակտորիստը մանրամասներ է պատմում
ԱՀ Ասկերանի շրջանի Վարդաձոր եւ Նախիջեվանիկ գյուղերի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է միայն տրակտորը, որոնք այգու տիրոջն են պատկանել։ Այս մասին լրագրողներին պատմել է տրակտորիստներից Մհերը։
«Մենք գործ էինք անում դաշտում, տրակտորով այգին էինք ջրում։ Երբ կրակեցին, հասցրինք, իջանք։ Ռուս խաղաղապահները եկել են, նոր դուրս ենք եկել այգուց»,- պատմեց նա։
Նա նշեց, որ իրենք վնասվածքներ չեն ստացել. «Ինչ եղել է, տրակտորին է եղել։ Կրակոցներից հետո մենք դուրս ենք բերել տրակտորը»։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին՝ որ հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տեւողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ եւ չեն թողնում դուրս գան այգուց:
Ըստ հաղորդագրության՝ կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաեւ Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։