Էնքան բախտավոր ենք եղել, որ չի պայթել, աշակերտներն այդ հատվածով են գնում-գալիս. արցախցին դեպքից մանրամասներ է պատմում
ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ բացելու հետևանքով բնակիչներից Երջանիկ Քոչարյանի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան է այրվել։
Բնակիչը պատմել է, որ դեպքի ժամանակ եղել է Ստեփանակերտում։
«Տաքսիով եմ գնացել։ Մեքենաս բակում կանգնած է եղել։ Կրակել են, կպել է գազի բալոնին, հետևի դռնով էլ դուրս է եկել։ Ռուս խաղաղապահներն ու ոստիկաններն են եկել, քիչ առաջ մեքենան տարել են իրենց մոտ»,- պատմել է նա։
Երջանիկ Քոչարյանի խոսքով՝ իր տունը դպրոցին եւ մանկապարտեզին մոտ է, երեխաները հիմնականում տան բակով են գնում-գալիս. «Էնքան բախտավոր ենք եղել, որ չի պայթել, որովհետև դպրոցի երեխեքն այդ հատվածով են գնում-գալիս։ Մանկապարտեզը, տունն ու դպրոցը մեկ շարքով են»։
Նշենք, որ Ադրբեջանական զինուժն երեկ ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տեւած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: