«Մեզ անհրաժեշտ են երկաթբետոնե երաշխիքներ, որ Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն անդամակցի ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ռուսական կողմին անհրաժեշտ են երկաթբետոնե երաշխիքներ, որ Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն անդամակցի ՆԱՏՕ-ին, գրում է russian.rt.com-ը։
«Մենք ընդգծում ենք, որ մեզ համար բացարձակապես պարտադիր է համոզվել, որ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք կցանկանայինք տեսնել, որ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին հետ կկանչվի 2008-ին Բուխարեստի գագաթնաժողովի կողմից ընդունված բանաձևը և փոխարինվի հետևյալով.«Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ»»,- ասել է նա։
Միաժամանակ Ռյաբկովն ընդգծել է, որ ռուսական կողմը հոգնել է դատարկ խոսակցություններ վարելուց։
«Մենք չենք վստահում մյուս կողմին։ Մեզ պետք են երկաթբետոնե, իրավաբանորեն նշանակալի երաշխիքներ, ոչ թե խոստումներ, այլ երաշխիքներ՝ «պետք է», «պարտավոր են», «երբեք չդառնալ ՆԱՏՕ-ի անդամ» բառերով։ Սա Ռուսաստանի ազգային անվտանգության հարց է»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը։
ԱՄՆ իշխանությունները համաձայն չեն ՆԱՏՕ-ի կազմ նոր երկրների ընդունման սահմանափակումների հետ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում՝ Ժնևում ավարտված անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքներով։
«Մենք ոչ մեկին թույլ չենք տա վերջ տալ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, որը միշտ առանցքային է եղել դաշինքի համար», - ասել է նա:
Շերմանն ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ առանց երկրի ղեկավարության հետ նախնական խորհրդակցությունների որոշումներ կայացնել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ղեկավարը, Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքից, այլ «այսօր և պատմական հեռանկարի համար» Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։
Պուտինի խոսքով՝ այդ կապակցությամբ ռուսական կողմը «հստակ» հասկացրել է, որ «ՆԱՏՕ-ի հետագա տեղաշարժը դեպի արևելք անընդունելի է»։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չէ, որ հրթիռներ է տեղակայում ԱՄՆ-ի սահմանների մոտ:
«ԱՄՆ-ն է իր հրթիռներով եկել մեր տուն, դրանք մեր տան շեմին են»,-ասել էր Պուտինը՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե Ռուսաստանը իր հրթիռները տեղակայի Մեքսիկայի կամ Կանադայի հետ ԱՄՆ-ի սահմանին։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։