Մոսկվայում մահացել է Աբդուրահման Վեզիրովը
Մահացել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովը։ Այս տեղեկությունը տարածել են մահացածի հարազատները, հայտնում է haqqin.az-ը։
Աբդուրահման Վեզիրովը ծնվել է 1930 թվականի մայիսի 26-ին Բինագադի գյուղում։ Նա երկար տարիներ աշխատել է ադրբեջանական եւ միության կոմսոմոլի ղեկավարությունում, այնուհետեւ դիվանագիտական ծառայության է անցել, ղեկավարել է ԽՍՀՄ դիվանագիտական ներկայացուցչությունները Հնդկաստանում, Նեպալում եւ Պակիստանում։
«Հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո՝ 1988 թվականին, նշանակվել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։ Սակայն Ա.Վեզիրովի անհեռատես ու ապազգային քաղաքականությունը քաղաքական ցնցումներ առաջացրեց հանրապետությունում: Ապակայունացումն ավարտվեց խորհրդային զորքերի՝ Բաքու մուտքով եւ բազմաթիվ զոհերով խաղաղ բնակչության շրջանում։ Վեզիրովը փախել էր Բաքվից 1990 թվականի հունվարի 18-ին եւ մինչեւ իր վերջին օրերն ապրում էր Մոսկվայում»,- գրում է աղբյուրը: