Ավստրալիայում 5-11 տարեկան երեխաներին սկսել են պատվաստել COVID-19-ի դեմ
Ավստրալիայում 5-11 տարեկան երեխաներին սկսել են պատվաստել կորոնավիրուսային վարակի դեմ։ Այս մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթը Թվիթերի իր էջում։
Պատվաստման գործընթացն սկսվել է երկուշաբթի, հունվարի 10-ին։
Հանթի խոսքով՝ պատվաստանյութի երեք մլն չափաբաժինը բաշխվելու է բուժկենտրոններին նոր ուսումնական տարվա սկզբին՝ փետրվարի 2-ին, որպեսզի 2,3 մլն երեխա կարողանա ստանալ դեղամիջոցի առաջին չափաբաժինը։ Երեխաները կստանան երկու ներարկում ութ շաբաթ միջակայքով։
Ներկա պահին Ավստրալիայի մոտ 19 մլն մեծահասակ (ավելի քան 92 տոկոս) լիովին պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ, նրանցից ավելի քան 3 մլն-ը արդեն ստացել է խթանիչ չափաբաժինը։ Ընդ որում՝ 12-15 տարեկան դեռահասներից լիովին պատվաստվել է ավելի քան 910 հազար մարդ (74 տոկոս)։
Ավստրալիայում երեխաների պատվաստման համար ընտրվել է Pfizer կոնցեռնի դեղամիջոցը՝ BioNTech-ը։