Ադրբեջանցի կոմանդոսները զորավարժություն են անցկացնում՝ «հետևելով գերիների նկատմամբ ՄՀԻ նորմերին»
Ադրբեջանի ցամաքային զորքերի կոմանդոսների զորամասում տեղի են ունեցել 2022թ. ուսումնական տարվա առաջին ուսումնավարժանքային պարապմունքները։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Հետախուզական տվյալների հիման վրա, պլանին համապատասխան, որոշվել է պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի կողմից պատրաստվող սադրանքի տարածքը։ Հնարավոր սադրանքների կանխման նպատակով անձնակազմը հեռացել է մշտական տեղակայման վայրից եւ շարժվել օպերատիվ նշանակության շրջանի ուղղությամբ։ Կոմանդոսները հայտնաբերել եւ վնասազերծել են պայմանական հակառակորդի դիվերսիոն խումբը եւ միջոցներ ձեռնարկել միջազգային հումանիտար իրավունքի նորմերի եւ սկզբունքների շրջանակում այն անձանց հանդեպ, որոնք գերի են ընկել առաջադրանքը կատարելիս»,- ասվում է հաղորդագրությունում։
Այն, որ Ադրբեջանում փորձում են սեփական զինվորականներին սովորեցնել հետեւել միջազգային հումանիտար իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, արժանի է գովասանքի, չնայած այնքան էլ արժանահավատ չէ։ Թե՛ 2016թ. ապրիլյան պատերազմը, թե՛ 2020թ. 44-օրյա պատերազմը ցույց տվեցին, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները հասկանում ՄՀԻ նորմերը՝ զոհվածների մարմինների անարգում, ողջերի գլխատում, կտտանքներ եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք հայ ռազմագերիների հանդեպ։