Դատարանը բավարարել է Նովակ Ջոկովիչի բողոքարկումը
Մելբուռնի դատարանը բավարարել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի բողոքարկումը Ավստրալիա մուտքի վիզայի չեղարկման գործով, հաղորդում է Daily Mail-ը։ Դատավոր Էնթոնի Քելիի վճռով Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը պետք է Ջոկովիչին բաց թողնի ներգաղթյալների եւ փախստականների մեկուսարանից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նովակ Ջոկովիչը 2021թ․ դեկտեմբերի 16-ին կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ունեցել։ Այդ մասին տեղեկանքը սերբ թենիսիստը ներկայացրել էր Մելբուռնի դատարանին։
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեն ավելի վաղ թույլ էր տվել մրցաշարին մասնակցել չպատվաստված, սակայն նախորդ կես տարում կորոնավիրուսով վարակված եւ առողջացած մարզիկներին։
Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի չեմպիոնը մրցաշարի կազմակերպիչներից ստացել էր կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու թույլտվություն բժշկական հիմնավորումով, սակայն Մելբուռն ժամանելուց հետո Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը Ջոկովիչի մուտքի վիզան չեղարկել էր։
Ավստրալիայի բաց առաջնությունը կմեկնարկի հունվարի 17-ին։