ՌԴ Հյուսիսային նավատորմի երգի ու պարի համույթն ավարտել է ԼՂ-ում ամանորյա շրջագայությունը
ՌԴ Հյուսիսային նավատորմի երգ-պարի համույթն ավարտել է ԼՂ-ում ամանորյա շրջագայությունը՝ շնորհավորել ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր զինծառայողներին։ Ամփոփիչ համերգներ են անցկացվել Ստեփանակերտում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՌԴ Հյուսիսային նավատորմի երգ-պարի համույթն ավարտել է ԼՂ-ում ամանորյա շրջագայությունը։ Այստեղ՝ ԼՂ տարածքում, ավելի քան 30 համերգ են անցկացրել։ Սա մեծ աշխատանք է։ Անձնակազմը շնորհավորել է բոլոր զինծառայողներին։ Բոլոր դիտակետերում, ինչպես նաեւ ռուս-թուրքական համատեղ կենտրոնում եւ այստեղ՝ անմիջապես ռուսական խաղաղապահ զորախմբի բազայում»,-ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Գալիեւը։
Համույթի անձնակազմը հայրենական եւ արտասահմանյան էստրադայից տարբեր ժանրերի վոկալային եւ գործիքային ստեղծագործություններ է կատարել, հեղինակային երգեր եւ բանաստեղծություններ, մեղեդիներ կինոֆիլմերից, ինչպես նաեւ պարային բեմադրություններ ցուցադրել։ Հանդիսատեսն անտարբեր չի մնացել համույթի վարպետությանն ու ելույթն ուղեկցվել է բուռն ծափերով։ Վերջում համույթի մենակատարները ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից պարգեւատրվել են պատվոգրերով։
«Կցանկանայինք ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր զինծառայողների անունից մեծ երախտագիտություն հայտնել Հյուսիսային նավատորմի երգ ու պարի համույթի արտիստներին մեզ ընծայած ամանորյա ստեղծագործական նվերի համար։ Միջոցառումն անցկացվել է բարձր մակարդակով, բոլոր զինծառայողները գոհ են մնացել, եւս մեկ անգամ կցանկանայի շնորհակալություն հայտնել»,-ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Օլգա Գոլուբեւան։
Արտիստները շնորհավորել են նաեւ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների բնակիչներին, Ստեփանակերտի դպրոց-ինտերնատում մարդասիրական ակցիայի մասնակցել։ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները Արցախում Ամանորի եւ Սուրբծննդյան տոները ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մշտական վայրերից հեռու առավելագույնս տոնական անցկացնելու համար։