«Զինվորի տան» առաջին պացիենտներից Արսենը 3D մոդելավորում է սովորեցնում վիրավոր զինծառայողներին
Արսեն Հովհաննիսյանը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի առաջին պացիենտներից է։ Բուժման ընթացքում այստեղ նա մասնակցել է 3D մոդելավորման դասընթացների եւ մասնագիտություն ձեռք բերել։ Հիմա Արսենն է հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինծառայողներին սովորեցնում 3D մոդելավորում։
«2013թ.–ին ես ծառայության անցա Ջաբրայիլում։ Մեկ տարի, երկու ամսվա ծառայող էի, երբ ողնաշարի հատվածում վիրավորում ստացա։ 2018–ին, երբ բացվեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը, ես առաջին պացիենտներից էի, որ եկա այստեղ։ Բուժման ընթացքում մասնակցեցի նաեւ 3D մոդելավորման դասընթացների ու աշխատանքի անցա այլ տեղ։ Մեկ տարի անց որոշեցի աշխատավայրս փոխել եւ որոշեցի գալ «Զինվորի տուն», քանի որ ես շարունակում եմ բուժվել այստեղ, բացի այդ տղաների հետ մտերմացել էի»,– պատմում է Արսենը։
Արսենն առանց «Զինվորի տան» իր կյանքը չի պատկերացնում։ Շնորհիվ այս կենտրոնի անձնակազմի ու ջերմ մթնոլորտի, Արսենն այստեղ իրեն զգում է ինչպես տանը։
Սկզբում Արսենը երկու աշակերտ ուներ, հիմա արդեն նրանց թիվը հասնում է երկու տասնյակի։
«Մեր հարաբերությունները ոչ թե ուսուցիչ–աշակերտի են, այլ ընկերական։ Հենց դրա համար որոշեցի այս կենտրոնում աշխատել, սա սա ոչ թե աշխատավայր է, այլ տուն։ Ես փորձում եմ տղաներին օգտակար լինել, որովհետեւ ինքս էլ անցել եմ նույն դժվարությունների միջով եւ փորձում եմ այնպես մատուցել, որ հասկանալի ու հեշտ լինի նրանց համար»,– ասում է Արսենը։
Մանրամասները՝ տեսանյութում։