Ամուսնացած տղամարդուն կին պետք չէ. տանն արդեն մեկն ունի․ Միխայիլ Լոբկովսկի
psy-sec.ru կայքն առանձնացրել է հարաբերությունների մասին ռուս հոգեբան Միխայիլ Լոբկովսկու 15 խորհուրդները։ Եվ այսպես՝
1. Ոչ ոքի պետք չէ նա, ով ինքն իրեն պետք չէ: Իսկ նա, ով իրեն ընդունում է այնպիսին, ինչպիսին իրականում կա, ապրում է լիարժեք կյանքով՝ չնայած կենցաղային ամենատարբեր հնարավոր խնդիրներին:
2. Եթե դուք ձեզ տղամարդու հետ լավ չեք զգում 1-ին, 2-րդ, 3-րդ ժամադրությունների ժամանակ, մի նշանակեք 4-րդը: Առաջին հանդիպումների ժամանակ առհասարակ տղամարդն իրեն դրսևորում է լավագույն կերպով, և եթե անգամ այդ դեպքում ձեզ համար հաճելի չէ գտնվել նրա կողքին, ոչ մի լավ բան այդ հարաբերություններից դուրս չի գա:
3. Ինչ վերաբերում է երիտասարդ, հաջողակ ու գեղեցիկ կանանց, ովքեր չեն կարողանում իրենց համար տղամարդ գտնել, իբրև թե՝ բարձր նշաձող սահմանելու պատճառով, ուրեմն իմացեք՝ պատճառը հարաբերություններ կառուցելու համար անկարողությունն ու դրանցից առաջացող վախն է:
4. Եթե դուք ուզում եք ամուսնանալ, դուք պետք է դադարեք մտածել այդ մասին: Առողջ մարդկանց մոտ իրավիճակն այլ կերպ է ներկայանում: Նախ նրանք սիրելու պահանջ ունեն: Հենց այդ պահանջմունքով էլ նրանք գտնում են այն տղամարդուն, ով իրենց սիրում է:
5. Երբեք պետք չէ շփվել ամուսնացած տղամարդկանց հետ: Ժամանակ մի՛ կորցրեք: Ամուսնացած տղամարդուն կին պետք չէ. տանն արդեն մեկն ունի:
Նրանց համար, ովքեր գտնվում են հարաբերությունների մեջ՝
6. Եթե դուք ուզում եք ամուսնանալ, հանդիպում եք ինչ-որ մեկի հետ կամ նույնիսկ իրար հետ ապրում եք արդեն կես տարի, ու ոչինչ տեղի չի ունենում, մի անգամ պետք է հարցնել՝ ուզո՞ւմ է նա արդյոք ընտանիք կազմել: Եթե տղամարդը պատրաստ չէ դրան, ուրեմն եկել է նրան բարեկամաբար հրաժեշտ տալու ժամանակը:
7. Ցանկացած կին, ով տարիներով նստում է տանն ու զբաղվում է միայն տնային տնտեսությամբ ու երեխաներով, դեգրադացվում է: Դա անխուսափելի է: Եվ, վերջիվերջո, տղամարդու համար էլ է ձանձրալի դառնում ապրել այդպիսի կնոջ հետ, նա սկսում է կնոջը հիմարիկ համարել, իսկ այդ դեպքում մինչև ապահարզան կես քայլ է: Եվ նկատի ունեցեք՝ ի սկզբանե տղամարդը ոչինչ չի պնդել կամ ստիպել․ կինն է իր կամքով ուրախ-ուրախ որոշել նստել տանը:
8. Եթե տղամարդը ստիպում է, որ լարվեք, պարզապես բաժանվեք նրանից: Մի՛ վախեցեք միայնակ մնալուց: Աշխարհում ոչ մի տղամարդ չարժե, որ դուք կոտրվեք, ճկվեք նրա տակ, անտեսեք ձեր ցանկություններն ու պահանջմունքները:
9. Ամեն ինչ շատ պարզ է. նա այնպիսին է, ինչպիսին կա: Եվ կաք դուք, կրկին այնպիսին, ինչպիսին՝ կաք: Ձեզ համար կա՛մ լավ է միասին, կա՛մ՝ ոչ: Այդ դեպքում պետք է բաժանվել: Ընդ որում, ավելի լավ է դա անել, քանի դեռ հիպոթեք չեք վերցրել և չունեք 3 երեխա:
10. Նա, ով հոգեպես առողջ է, ուշադրություն է դարձնում իր զգացմունքներին ու միշտ ընտրում է իրեն: Ո՛չ գեղեցկությունը, ո՛չ սերը զոհեր չեն պահանջում, իսկ եթե պահանջում են, դա հաստատ ձեր պատմությունը չէ: Հեռո՛ւ փախեք: Չկա այնպիսի նպատակ, հանուն որի արժե ինչ-որ բանի դիմանալ հարաբերություններում:
Բոլորի համար
11. Ամբողջ կյանքում հավսար-զգաստ չես կանգնի, իսկ հիասթափվելը միշտ ավելի ցավոտ է, քան ի սկզբանե քեզ իրական ներկայացնելը:
12. Մարդիկ, ովքեր չեն սիրում իրենք իրենց, չեն կարող սիրել միմյանց, և դրա համար էլ չեն կարող երջանիկ զույգ լինել:
13. Պետք է սկսես գլուխ հանել ինքդ քեզնից, այլ ոչ թե փեսացուներիցդ: Երբ կինն ասում է՝ «Ես սիրում էի», դա հաճախ պատմություն է ոչ սիրո մասին: Դա ավելի շուտ պատմություն է թմրանյութերի մատակարարողի մասին, ով կնոջն անհրաժեշտ տառապանքներով է ապահովում: Իսկ առողջ սերն այն մասին է, թե որքան երջանիկ ես դու:
14. Եթե ձեզ դուր չի գալիս՝ ինչպես է նա ձեզ վերաբերվում, ինչ-որ տհաճ բան է անում, նրան ասեք այդ մասին, բայց եթե դրանից հետո էլ ոչինչ չի փոխվում, ուրեմն՝ ցտեսություն:
15. Նորմալ մարդը չի շարունակում այն հարաբերությունները, որում իրեն չեն հարգում: Ի դեպ, նա դրանք չի էլ սկսում: