Ճանապարհը չզիջելու պատճառով դանակահարել էր վարորդին. Արթիկի ոստիկանների բացահայտումը
Հունվարի 3-ին Արթիկ քաղաքի ավտոկայանին հարակից տարածքում մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում վարորդներից մեկը դանակահարել էր մյուսին։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Այդ մասին ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ ստացվեց գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով Արթիկի քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցի 32-ամյա մի բնակիչ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, լուսադեմին, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արթիկի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն՝ նշելով, որ դանակը գցել է դիտահորը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: