Ինչո՞ւ են որոշ մարդիկ մի քանի անգամ վարակվում կորոնավիրուսով, իսկ մյուսները` երբեք
Որոշ մարդիկ վերջին երկու տարվա ընթացքում բազմիցս վարակվել են կորոնավիրուսով, իսկ մյուսները, կարծես, երբեք չեն վարակվել: Որոշ իմունոլոգներ կարծում են, որ որոշ մարդկանց այս «անթափանցելիության» պատճառը բնական իմունիտետն է:
Մեծ Բրիտանիայում հետազոտություն է անցկացվում, որի հեղինակները ցանկանում են հասկանալ՝ արդյոք որոշ մարդիկ, նույնիսկ` մինչ համավարակի սկսվելը, կարող են հակամարմիններ ունենալ, որոնք կարող են պայքարել կորոնավիրուսի դեմ։ Գիտնականների կարծիքով՝ նման մարդկանց արյունն ու բջիջները կարող են օգնել ավելի լավ հասկանալ իմունիտետի բնույթը, ինչպես նաեւ կարող են օգնել պատվաստանյութ ստեղծել, որն արդյունավետ է կորոնավիրուսի ցանկացած տարբերակի դեմ։
Արդյո՞ք դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր վարակվում են, զրկված են իմունիտետից կորոնավիրուսի նկատմամբ: Ոչ, դա այդպես չէ, ասում է Լոնդոնի կայսերական քոլեջի իմունոլոգիայի պրոֆեսոր Դենի Ալթմանը: Նրա խոսքով` վարակը, որը գրացվել է` չնայած պատվաստմանը, կարելի է բացատրել մի շարք գործոններով: Կարեւոր է հասկանալ, որ պատվաստանյութը, որը որոշակի պաշտպանություն է ապահովում, «ունիվերսալ» իմունիտետ չի ստեղծում:
Համավարակի ընթացքում արդեն փորձեր են արվել հասկանալու՝ արդյո՞ ք բնական իմունիտետ կա կորոնավիրուսի նկատմամբ։ Մասնավորապես, Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են վարակման դեպքերը բուժանձնակազմի շրջանում, պարզել են, որ որոշ մարդիկ տառապում են, այսպես կոչված, «աբորտիվ վարակներով»: Կորոնավիրուսի դեմ նրանք հակամարմիններ չունեին, բայց T բջիջների թիվը միջինից բարձր էր, ինչը ցույց էր տալիս, որ նրանց օրգանիզմները չեզոքացնում էին վիրուսը՝ թույլ չտալով, որպեսզի այն ներթափանցի օրգանիզմի խորքերը։ Այսինքն՝ նրանք կարողացել են պայքարել կորոնավիրուսի դեմ՝ առանց պատվաստվելու կամ իմունիզացված լինելու հիվանդությունից հետո, այսինքն՝ բնական իմունիտետ են ունեցել: