Նազարբաեւը Նուր-Սուլթանում է և կապ է պահպանում Տոկաեւի հետ
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում եւ անմիջական կապ է պահպանում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Այս մասին հայտնել է Նազարբաեւի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Էլբասին (ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը, նշում է ՏԱՍՍ-ը) գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան քաղաքում։ Խնդրում ենք գիտակցաբար սուտ եւ ենթադրական տեղեկատվություն չտարածել։ Էլբասին մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում եւ անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ»,- գրել է Ուկիբայը Twitter-ի իր էջին:
Նա նաեւ հայտնել է, որ Նազարբաեւը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանին բարեկամ երկրների ղեկավարների հետ։ «Էլբասին կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ՝ առկա մարտահրավերները հաղթահարելու եւ մեր երկրի ամբողջականությունն ապահովելու համար»,- ասել է մամուլի քարտուղարը։