Նագելսմանն ու Մյուլերը՝ «Բավարիայի» պարտության մասին
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն ու գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Բունդեսլիգայի 18-րդ տուրի տնային խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած 1։2 հաշվով պարտությունը, փոխանցում է ակումբի կայքը։
«Իրականում, մենք ավելի մոտ էինք հաղթանակին, քան մրցակիցը։ Պարտությունները երբեք հաճելի չեն լինում։ Մենք շատ լավ խաղացինք առաջին 25 րոպեներին, բայց հետո երկու գոլ բաց թողեցինք։ Խելահեղություն էր այն, թե ինչպես մենք բաց թողեցինք այդ գոլերը։
Երկրորդ խաղակեսում արժանի խաղ ցուցադրեցինք եւ ստեղծեցինք բազմաթիվ պահեր։ Ի տարբերություն գավաթային խաղին, այսօր մենք արժանի չէինք պարտության»,- ասել է Նագելսմանը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բավարիան» հոկտեմբերին Մյոնխենգլադբախի «Բորուսիային» պարտվել էր 0։5 հաշվով։
Թոմաս Մյուլերը եւս առաջնության խաղում կրած պարտությունը չի համարում արդար արդյունք։
«Ընդհանուր առմամբ՝ հաջողությունը մեզ չժպտաց այս անգամ։ Տարօրինակ առաջին խաղակես էր։ Կարծում եմ՝ մենք լիովին վերահսկում էինք խաղը սկզբում, բայց հետո մրցակիցը անսպասելի գոլ խփեց։ Մենք շատ էինք կորցնում գնդակը եւ պասիվ էինք պաշտպանությունում։ Սակայն շատ պահեր ունեցանք, երեք անգամ էլ մրցակցին գոլից փրկեց դարպասաձողը»,- նշել է Մյուլերը։
«Բավարիան» 18 խաղից հետո 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից» (17 խաղ)։ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» (18 խաղ) 11-րդն է՝ 22 միավոր։