Գերմանիայի իշխանությունները պայմանավորվել են խստացնել ռեստորաններ եւ սրճարաններ այցելելու կանոնները
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունները օմիկրոնի տարածման պատճառով պայմանավորվել են խստացնել ռեստորաններ, գարեջրատներ, բարեր եւ սրճարաններ այցելելու կանոնները։ Հետագայում նույնիսկ նրանք, ովքեր ստացել են պատվաստման լրիվ չափաբաժինը կամ հիվանդացել են քովիդով, ստիպված են լինելու ներկայացնել թեստի բացասական պատասխանը, ուրբաթ տեղեկացրել է Der Spiegel պարբերականը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Այսպես կոչված 2G plus կանոնը գործելու է ամբողջ երկրում եւ անկախ կորոնավիրուսի տարածման տեմպերից՝ տեղային մակարդակով։ Բացառություն կարվի նրանց համար, ովքեր հասցրել են ստանալ պատվաստանյութի խթանիչ չափաբաժինը։ Առանց իմունացման քաղաքացիները, ինչպես եւ առաջ, առհասարակ կզրկվեն նման հնարավորությունից։ Կանոնը, ինչպես սպասվում է, ուժի մեջ կմտնի հունվարի 15-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ուրբաթ օրվա հանդիպման ժամանակ Օլաֆ Շոլցը եւ դաշնային երկրամասերի ղեկավարները սկսել են քննարկել Գերմանիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։ Հանդիպման մասնակիցները նաեւ պայմանավորվել են փոխել կարանտինը ժամկետից շուտ դադարեցնելու կանոնները։ Այսուհետ կարանտինից դուրս գալ կարելի է յոթ օր հետո՝ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի դեպքում։ Աձանց, ովքեր զբաղված են կրիտիկական ենթակառուցվածքի ոլորտում, կթույլատրվի դա անել արդեն հինգերորդ օրը։
Սահմանափակումները Գերմանիայում այժմ էապես ավելի մեղմ են, քան, համավարակի առաջին, երկրորդ եւ երրորդ ալիքների ժամանակ։ Դրանք հիմնականում առնչվում են չպատվաստվածներին, որոնց չի կարելի այցելել ռեստորաններ, թատրոններ, համերգներ եւ ֆիթնես-ակումբներ։ Գերմանիայի իշխանությունները զգուշանում են օմիկրոն շտամի տարածման տեմպի պայթյունալի արագացումից։ Վերջին մեկ օրում Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 56 հազար նոր դեպք։