Անվանվել են տարածաշրջանները, որտեղ 2022 թվականին կարող են ռազմական հակամարտություններ բռնկվել
2022 թվականին Ուկրաինան, Իրանը եւ Թայվանը կարող են դառնալ այն շրջանները, որտեղ լայնածավալ ռազմական հակամարտություններ կարող են սկսվել։ Այս մասին Le Monde-ում կարծիք է հայտնել ֆրանսիացի լրագրող Ալեն Ֆրաշոնը։
Հենց այս հերթականությամբ, ըստ հեղինակի, համաշխարհային առաջնորդները պետք է դասակարգեն պոտենցիալ հակամարտության սպառնալիքը։
Խոսելով Ուկրաինայի մասին՝ Ֆրաշոնը նշել է, որ իրավիճակի վատթարացման առանցքային գործոն է լինելու Սպիտակ տան կողմից անվտանգության եւ դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ Մոսկվայի առաջարկները ընդունելուց հրաժարվելը։ Միաժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ հոդվածագրի, պատրաստակամություն է հայտնել «գնալ Կիեւ» եւ ենթարկել ողջ երկիրը։
«Նա նախօրոք հոգ է տարել իր երկրի ռազմական հզորության ցուցադրման մասին՝ գերժամանակակից հրթիռային համակարգեր, կործանարար կարողություններ տիեզերքում, լայնածավալ զորավարժություններ Ուկրաինայի սահմաններին… Պուտինը ցանկանում է նոր «անվտանգության ճարտարապետություն Եվրոպայում»։ ՆԱՏՕ-ն ստիպված է փակել իր դռները ցանկացած նոր անդամների համար»,-ասել է Ֆրաշոնը:
Իրանը պայթյունավտանգ տարածաշրջան է մի շարք պատճառներով։ Տարեսկզբին, ինչպես գրում է Ֆրաշոնը, երկիրը հասել է ուրանի հարստացման 60% մակարդակի, ինչը հնարավորություն է տալիս միջուկային զենք ստեղծել։ Միեւնույն ժամանակ, Իրանի եւ արեւմտյան երկրների համար գնալով դժվարանում է փոխզիջման գնալ, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։
Թայվանում հակամարտություն կարող է սկսվել՝ կապված սահմանների մոտ Չինաստանի ռազմածովային զորավարժությունների հաճախականության հետ։ Ըստ լրագրողի՝ կղզու ռազմական անեքսիայի հավանականությունը մեծանում է այս հարցում Վաշինգտոնի ոչ միանշանակ դիրքորոշման պատճառով։