Արթիկի ավտոկայանին հարակից տարածքում մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում վարորդներից մեկը դանակահարել է մյուսին (տեսանյութ)
Հունվարի 3-ին Արթիկ քաղաքի ավտոկայանին հարակից տարածքում մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում վարորդներից մեկը դանակահարել է մյուսին։ Այդ մասին ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ Է ստացվեԼ գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից։ Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը կատարվածի վերաբերյալ տուժողից որևէ հանգամանալից բացատրություն չի լսել։ Վստահեցրել է, թե Արթիկ քաղաքում, վայր ընկնելու հետևանքով է վնասվածքը ստացել, այլ հանգամանքներ էլ չի հիշում, քանի որ ալկոհոլի ազդեցության տակ է։
Այսուհանդերձ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով Արթիկի քրեական հետախույզներին հաջողվել է պարզել, որ մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցի 32-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, լուսադեմին, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Արթիկի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն՝ նշելով, որ դանակը գցել է դիտահորը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: