Տոկաևի աշխատակազմում տեղեկացրել են հեռուստաաշտարակի զավթման փորձերի մասին. զոհվել է հեռուստախմբի վարորդը
Ալմաթիում անկարգությունների մասնակիցները Կոկտոբե հեռուստաաշտարակի զավթման երկու փորձ են կատարել, Хабар 24 հեռուստաալիքին ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դաուրեն Աբաեւը։ Հարձակվողները հետ են մղվել սահմանապահների կողմից, տեղեկացնում է Ինտերֆաքսը։
«Կատարվել է ուղիղ եթեր դուրս գալու մի քանի փորձ կենտրոնական հեռուստատեսությունում»,- ավելացրել է պաշտոնյան։
Հունվարի 7-ին, ավելի վաղ, Ալմաթիի պարետատան ներկայացուցիչը հայտարարել է, որ Հանրապետության հրապարակում, «Միր» հեռուստաալիքի շենքում բարիկադավորվել են ցուցարարներ։ Նաեւ տեղեկացվել էր հեռուստախմբի ուղղությամբ կրակոցների մասին, զոհվել է վարորդը։
Աբաեւի խոսքով՝ ցույցերը քաղաքում սկսվել են հունվարի 3-ին եւ սկզբում խաղաղ էին։
«Ոստիկանությունը, Ազգային գվարդիան սկզբունքորեն հրազեն չեն օգտագործել ցուցարարների դեմ։ Բայց ավելի ուշ խաղաղ ցուցարարների ձայները խեղդվեցին սադրիչների բռնության կոչերում։ Ամբոխը գլխավորեցին զենքով, ամրաններով, մահակներով ու Մոլոտովի կոկտեյլներով զինված ավազակներն ու ահաբեկիչները,- շարունակել է Աբաեւը։- Ավազակները զբաղվում էին թալանով, իսկ ահաբեկիչների երկրորդ կազմակերպված խումբը կետային հարձակումներ էր կատարում զենքի խանութների վրա, խլում կապի միջոցները ոստիկաններից։ Զավթիչները գործում էին պրոֆեսիոնալ։ Նրանք զավթում եւ ավերում էին քաղաքի վարչական շենքերը, Ալմաթիի հեռուստաալիքների գրասենյակները»։
Աբաեւի խոսքով՝ «ահաբեկիչների մեջ կային դիպուկահարներ, որոնք կրակում էին ուժայինների վրա»։
«Քաղաքում տեղաշարժը կատարվում էր օպտիմալ երթուղիներով։ Ամենայն հավանականությամբ, օգտագործվել է սեփական կապ»,- ասել է պաշտոնյան։
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւից հետո Աբաեւն է ասել, որ հունվարի 7-ին իրավակարգը վերականգնվել է Ղազախստանի բոլոր շրջաններում եւ իրավիճակը կայունացել է։ Ալմաթիում վարչական բոլոր շենքերը վերահսկվում են իշխանությունների կողմից, շատ գրոհայիններ սպանվել են կամ կալանավորվել։
«Տարբեր վարկածներ կան ծայրահեղական կազմակերպություններին դրանց պատկանելության մասին»,- ասել է Աբաեւը։
Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները «ահաբեկիչների» հայտնվելու մասին սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ կորցրին երկրում իրավիճակի վերահսկողությունը։ «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունը մինչեւ հիմա ի վիճակի չգտնվեց անգամ հանդես գալու հայտարարությամբ, չգումարվեց նաեւ Ղազախստանի խորհրդարանը։ Արեւմտյան ԶԼՄ-ները, քաղաքացիական հատվածի եւ ընդդիմության ներկայացուցիչները նախօրեին հայտարարել էին, որ զինվորականները կրակ են բացել գերազանցապես անզեն երիտասարդների ուղղությամբ։