ԱՄՆ-ը և Ճապոնիան Չինաստանն անվանել են գլոբալ մասշտաբի խնդիրների աղբյուր
ԱՄՆ-ը եւ Ճապոնիան մտահոգված են Չինաստանի քաղաքականությամբ, որը խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում, ասվում է կողմերի համատեղ հայտարարությունում, որն արվել է երկու երկրների արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների վիրտուալ հանդիպման արդյունքների հիման վրա, տեղկացնում է Ինտերֆաքսը։
«Նախարարները մտահոգություն են հայտնել, որ Չինաստանի շարունակվող ջանքերը՝ ուղղված կանոնների վրա հիմնված կարգի խափանմանը, ստեղծում են քաղաքական, տնտեսական, ռազմական եւ տեխնոլոգիական խնդիրներ տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար»,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած փաստաթղթում։
Դրանում նշվում է, որ կողմերը «որոշել են աշխատել համատեղ, որպեսզի զսպեն եւ, անհրաժեշտության դեպքում, արձագանքեն տարածաշրջանում ապակայունացնող գործունեությանը»։
ԱՄՆ-ը «հաստատել է վճռական համերաշխությունը Ճապոնիայի հետ (Չինաստանի - ԻՖ) ցանկացած միակողմանի գործողությանը դիմակայելու հարցում Սենկակու կղզիների (չինական անվանումը՝ Դյաոյուդաո) հանդեպ՝ արխիպելագ Արեւելաչինական ծովում, որի պատկանելությունը վիճարկում են Չինաստանը եւ Ճապոնիան։ Նախարարները նաեւ նշել են, որ «կտրականապես առարկում են Չինաստանի անօրինական ծովային նկրտումներին, ռազմականացմանն ու հարկադրիչ գործունեությանը Հարավչինական ծովում»։
Նրանք «լուրջ եւ մշտական մտահոգություն են հայտնել Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում եւ Հոնկոնգում մարդու իրավունքների խնդիրների հետ կապված»։
Հայտարարությունում նաեւ ասվում է, որ նախարարները կողմ են, որպեսզի Կորեական թերակղզին լիովին միջուկազերծվի, ողջունել են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործերին եվրոպացի գործընկերների եւ դաշնակիցների, ներառյալ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Նիդեռլանդները, ավելի ակտիվ մասնակցությունը՝ նաեւ ԵՄ եւ ՆԱՏՕ միջոցով։
Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնը եւ Տոկիոն «հաստատել են իրենց հավատարմությունը ազատ եւ բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին եւ ընդունել են ամերիկա-ճապոնական դաշինքի վճռական դերը որպես տարածաշրջանային խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման անկյունաքարի»,- ընդգծվում է հայտարարությունում։