Ռուս զբոսաշրջիկների համար 2022թ. դիմավորելու առավել նախընտրելի ուղղությունը Հայաստանն է եղել
Ռուս զբոսաշրջիկների համար 2022 թվականը դիմավորելու առավել նախընտրելի վայրը եղել է Հայաստանը: Այս արդյունքն է արձանագրել «Русский стандарт» բանկի հետազոտությունը: Զբոսաշրջիկները Հայաստան ժամանելու տարբեր պատճառներ են նշում:
«Մենք Սոչիից ենք ժամանել Հայաստան, որովհետև այստեղ գեղեցիկ է, հաճելի, կոլորիտային, համեղ, մեզ ամեն ինչ դուր է գալիս»: «Զբոսավարի հետ, գրեթե ամեն տեղ ման ենք եկել, Երևանը հին քաղաք է, շատ հետաքրքիր, տեսարժան վայրեր կան: Առաջին անգամ ենք Հայաստանում, մտադիր ենք այցելել նաև լեռնադահուկային հանգստավայր, որովհետև գիտենք, որ դեռ խորհրդային տարիներից այստեղ մարզվել են օլիմպիական խաղերի դահուկորդները»: «Իսկապես շատ հետաքրքիր է տեսնել հետխորհրդային տարածաշրջանը. Հայաստանը ոգեշնչման աղբյուր է երևի յուրաքանչյուր մարդու համար, որը ծնվել է Խորհրդային Միությունում: Ցանկանում էինք տեսնել, թե ինչպիսին է այն այսօր»,- նշում են նրանք:
Մինչև օրս ամենահաճախ այցելվող Ծաղկաձորի ուղղությանը զբոսաշրջիկներն այսօր ավելացրել են ևս մի քանիսը:
«Սևան ենք այցելել, Արարատ լեռն ենք տեսել, Գառնիում ենք եղել», «Դիլիջան, Սևան», ասում են զբոսաշրջիկները:
Տուրիստական գրասենյակներից մեկի ներգնա տուրիզմի մենեջերը նշում է՝ Հայաստան այցելելուն նպաստել է նաև Ռուսաստանից մատչելի թռիչքների վերսկսումը Գյումրիի օդանավակայան: Զբոսաշրջիկներին հաճախ գրավում է նաև հայկական խոհանոցը:
Լուսինե Ազիզյան, Տուրիստական գրասենյակի ներգնա տուրիզմի մենեջեր - Քանի որ հայկական խոհանոցը շատ յուրահատուկ է և հայկական մթերքները շատ համեղ են, այդ պատճառով նրանց շատ հետաքրքրում է հայկական խոհանոցը, խոհանոցի միջոցով կարողանում են ծանոթանալ հայկական մշակույթի հետ, նաև իրենց ձեռքով պատրաստել: Դրա համար մեծ պահանջարկ ունեն նաև վարպետաց դասերն ու մաստեր-կլասերը:
Բացի Ռուսաստանից, Լուսինե Ազիզյանն այցելուներ ունի նաև եվրոպական մի շարք երկրներից, երբեմն պատահում են նաև էկզոտիկ տարբերակներ:
Լուսինե Ազիզյան - Կուբայից ունեմ հաստատում, ես ճիշտն ասած չէի սպասում, որ Կուբայից կգան:
Տուրիզմի ոլորտի փորձագետ Մեխակ Ապրեսյանը դրական է համարում զբոսաշրջիկների նման հոսքը հատկապես Ամանորին:
Մեխակ Ապրեսյան, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ - Մարտից, ապրիլից սկսված մինչև նոյեմբերի կեսը, բավական ակտիվ սեզոն է, քան հունվարից մինչև մարտը, բայց երբ Ամանորին արդեն գալիս են, իսկ դա շատ լավ է, մենք գնալով դրան պետք է ավելի պատրաստվենք մեր ծեսերով, մեր տոներով: Դա, իհարկե, իր դերն ու նշանակությունը կունենա:
Ապրեսյանի կանխատեսմամբ՝ եթե տարին առանց անկախատեսելի զարգացումների ընթանա, զբոսաշրջության ծավալը կարող է հասնել 2019 թվականի ցուցանիշին:
Մեխակ Ապրեսյան - 2019-ին մենք ունեցել ենք առավելագույնը՝ 1 մլն 894 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն:
Խոսելով տարվա սպասելիքներից՝ տուրիզմի ոլորտի մասնագետներն ընդգծում են նաև 2022-ին մանկական Եվրատեսիլի հյուրընկալումը Հայաստանում, ակնկալելով՝ այն ևս հազարավոր զբոսաշրջիկների կբերի մեր երկիր:
Աղբյուրը՝ 1Lurer.am