Դժվար էր զինվորական կյանքից հետո անցնել այլ ոլորտ. պատերազմում վիրավորված զինվորականը նոր մասնագիտություն ունի
44–օրյա պատերազմում վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Սամվել Ավդալյանը նոր մասնագիտություն ունի. նա վարսավիր է։ Հայրենի քաղաքում՝ Չարենցավանում, Սամվելն ու կինը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի եւ «Ազնավուր» հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ բացել են սեփական գեղեցկության սրահը։
«Անկեղծ ասած՝ բիզնեսի մասին չէի մտածել, երբ առաջարկը ստացա «Զինվոր տուն» վերականգնողական կենտրոնից, կնոջս հետ քննարկեցի, թե ինչի մեջ կարող ենք այդ փողը ներդնել։ Քանի որ կինս այդ ընթացքում հաճախում էր վարսահարդարման եւ մատնահարդարման դասընթացների, որոշեցինք ունենալ մեր գեղեցկության սրահը եւ ես նույնպես սկսեցի հաճախել վարսահարդարման դասընթացների»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Սամվելը։
Զինվորական համազգեստը վարսավիրի մկրատներով փոխարինելն այդքան էլ հեշտ չէր։
«Շատ դժվար էր զինվորական կյանքից հետո անցնել այլ աշխատանքի, բայց կյանքը փորձություն է եւ պետք է հաղթահարել դժվարությունները»,– ասում է Սամվելը եւ համեստաբար դրական պատասխանում հարցերին, թե ինքն ու իր հաճախորդները գոհ են իր աշխատանքից։
«Եռագույն». այսպես է երիտասարդ ընտանիքը անվանել նորաբաց գեղեցկության սրահը։ Անունի ընտրությունը նրանց համար խորն իմաստ ունի։
Սամվել Ավդալյանը ԱԹՍ–ի բեկորից գլխի հատվածում վիրավորվել է 44–օրյա պատերազմի չորրորդ օրը՝ սեպտեմբերի 30–ին։ Ստեփանակերտում վիրահատվելուց հետո տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ, իսկ հետո՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։
«Այստեղ ես 3 ամիս շարունակ ստացիոնար բուժում եմ ստացել, հետո՝ ամբուլատոր։ Վերականգնողական տունը պացիենտներիս համար որպես երկրորդ տուն է։ Այստեղ անձնակազմի վերաբերմունքը գերազանց է, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»,– ասում է Սամվելը։
Մանրամասները՝ տեսանյութում։