Բայդենը Կապիտոլիումի գրոհն անվանել է զինված ապստամբություն
2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհը զինված ապստամբություն էր։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հունվարի 6-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսում։
«Այս վայրը (Կապիտոլիում – խմբ.) հարձակման է ենթարկվել: Մարդկանց կյանքը վտանգված էր։ Երկրի մայրաքաղաքը շրջափակման մեջ էր։ Սա զբոսաշրջիկների խումբ չէր։ Դա զինված ապստամբություն էր»,- ասել է Բայդենը։
Նախագահը նաև մեղադրել է պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին երկրում իշխանության խաղաղ փոխանցումը կանխելու հուսահատ փորձի մեջ։
«Պատմության մեջ առաջին անգամ նախագահը ոչ միայն պարտվեց ընտրություններում, այլ փորձեց կանխել իշխանության խաղաղ փոխանցումը, երբ դաժան բանդան հարձակվեց Կապիտոլիումի վրա: Բայց նրանք չհաղթեցին ․․․ Նրա հիվանդ էգոն (Թրամփ-խմբ.) նրա համար ավելին է նշանակում, քան մեր ժողովրդավարությունը»,- հավելել է Բայդենը։
Ավելի վաղ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը հրահանգել էր իջեցնել պետական դրոշները՝ ի պատիվ Կապիտոլիումիպաշտպանների։ Նա նաև շնորհակալություն է հայտնել խիզախ մարդկանց, ովքեր «իրենց կյանքը վտանգի տակ դրեցին հանրային անվտանգությունը պաշտպանելու համար»: