Politico. ԱՄՆ Սենատը, ամենայն հավանականությամբ, չի հաստատի պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ չի հաստատի հանրապետական Թեդ Քրուզի (Տեխասից) կողմից առաջարկված օրինագիծը «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ պատժամիջոցների մասին: Այս մասին չորեքշաբթի հայտնել է ամերիկյան Politico թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պարբերականի տվյալներով՝ դեմոկրատները, որոնք ավելի վաղ հանդես էին եկել գազատարի նկատմամբ նոր սահմանափակումների օգտին, «չորեքշաբթի ազդարարեցին իրենց դիրքորոշման փոփոխության» մասին։ Նրանք, ինչպես նշված է նյութում, ասել են, որ «չեն ցանկանում խանգարել [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենին Ռուսաստանի հետ փոխգործակցության» հարցում՝ հաշվի առնելով ամերիկյան կողմի հայտարարությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հնարավորության մասին։ Եթե անակնկալներ չլինեն, ապա Քրուզի օրինագիծը չի հաղթահարի 60 ձայնի շեմը, գրում է թերթը՝ նշելով, որ դեմոկրատները հետեւողականորեն աջակցել են «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցներին, բայց նրանք չեն գնա նախագահի դեմ, քանի դեռ նա «վտանգավոր բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ»:
Օրինագծի հաստատման համար անհրաժեշտ է 60 ձայն։ Որպեսզի Վերին պալատը ընդունի նախաձեռնությունը, հանրապետականները պետք է ստանան առնվազն 10 դեմոկրատի աջակցությունը: Փաստաթուղթը պետք է նաեւ հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից՝ նախքան այն կուղղվի Բայդենի կողմից ստորագրմանը:
«Այս փուլում, երբ մենք հետեւում ենք Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր գործողություններին, մեզ համար շատ կարեւոր է համագործակցել մեր դաշնակիցների հետ, եւ Գերմանիան մեզ համար շատ կարեւոր դաշնակիցներից է։ Ուստի կարծում եմ, որ այս փոփոխությունը ժամանակավրեպ է»,- հոդվածում մեջբերված է սենատոր Ջին Շահենի (դեմոկրատ Նյու Հեմփշիրից) խոսքերը Քրուզի նախաձեռնության մասին։
Սենատոր Քրիս Մյորֆին (դեմոկրատ Կոնեկտիկուտից) լրագրողներին ասել է, որ քայլեր է ձեռնարկում նշված օրինագծի հաստատման դեմ։ Սենատորի խոսքով՝ Կոնգրեսի վերին պալատը «պետք է համերաշխություն ցուցաբերի վարչակազմի հետ, երբ այն փորձում է օգտագործել մտրակի ու քաղցրահացի մետոդը` ռուսական ներխուժումը կանխելու համար»։
«Միակ պատճառը, ինչի համար նրանք կարող են դեմ քվեարկել, դա այն է, եթե նրանք ցինիկ որոշում կայացնեն կուսակցական հավատարմությունը վեր դասել ԱՄՆ ազգային անվտանգության շահերից»,- հայտարարել է է Քրուզը Politico-ի լրագրողներին՝ խոսելով դեմոկրատների դիրքորոշման մասին: