Ռոգոզինը հայտնել է Բայկոնուրի տիեզերակայանի հիմնական օբյեկտների ուժեղացման մասին՝ Ղազախստանում բողոքի ցույցերի ֆոնին
Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է Բայկոնուր տիեզերակայանում առանցքային օբյեկտների ուժեղացման մասին՝ Ղազախստանում բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է Ինտերֆաքսը։
«Բայկոնուրի վարչակազմին առընթեր ստեղծված օպերատիվ շտաբը լիովին վերահսկում է իրավիճակը քաղաքում»,-ասվում է Ռոգոզինի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի ժամանակ ռազմական օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, արտակարգ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։
Հիշեցնենք, որ Ղազախստանում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։
Պաշտպանության նախարարության օդադեսանտային ստորաբաժանումը մարտեր է վարում Ղազախստանում անկարգությունների մասնակիցների դեմ։
Ղազախստանի մի շարք շրջաններում անկարգությունների ժամանակ զոհվել է 8 ոստիկան եւ զինվորական, եւս 317-ը վիրավոր էԼ
Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաու շրջանի Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքներում, որի բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ նավթային գազի գների կրկնակի բարձրացմանը: Կառավարական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է նվազեցնել գները, սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում: Այսպես, հանրապետության հին մայրաքաղաք Ալմա Աթայում հունվարի 4-ին եւ 5-ին բախումներ են տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների հետ, ոստիկանությունը կիրառել է գազ եւ լուսաձայնային նռնակներ։ Ցուցարարները գրավել են միջազգային օդանավակայանն ու կանգնեցրել օդանավակայանի գործունեությունը։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։
Հունվարի 5-ի առավոտյան Տոկաեւը պաշտոնանկ է արել կառավարությանը եւ հանձնարարել վեց ամսով սահմանել հեղուկ գազի եւ բենզինի գների պետական կարգավորում։ Նա նաեւ հայտարարել է, որ դառնում է Անվտանգության խորհրդի ղեկավար, որը նախկինում գլխավորում էր հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, եւ հայտարարել է իրավիճակը կարգավորելու նոր միջոցների մասին։