ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Սերբիայի նախկին առաջնորդ Միլորադ Դոդիկի նկատմամբ
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Սերբիայի նախկին առաջնորդ Միլորադ Դոդիկի նկատմամբ պատժամիջոցների կիրառելու մասին՝ նրան մեղադրելով «կոռուպցիոն գործունեության մեջ, որը սպառնում է ապակայունացնել տարածաշրջանը եւ խաթարել խաղաղության համաձայնագիրը, որը կնքվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ավելի քան 25 տարի առաջ», հաղորդում է Associated Press-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաեւ պնդում է, որ Դոդիկը օգտագործել է իր ղեկավար դիրքը կաշառակերության միջոցով հարստություն դիզելու համար:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել նաեւ Alternativna Televizija d.o.o. Banja Luka լրատվամիջոցի նկատմամբ, որը, ըստ ԱՄՆ-ի, պատկանում է Դոդիկի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությանը:
Բայդենի վարչակազմի պատժամիջոցների գործնական ազդեցությունն այն է, որ ԱՄՆ-ում Դոդիկին պատկանող ցանկացած գույք կամ շահ կարգելափակվի։
Երկար տարիներ Դոդիկը հանդես էր գալիս Բոսնիայից բոսնիացի սերբերի մինի-պետության անջատման եւ հարեւան Սերբիայի կազմի մեջ մտնելու օգտին:
«Սա կխախտեր 1995 թվականի ԱՄՆ-ի կողմից հաստատված Դեյթոնի համաձայնագիրը, որը վերջ դրեց արյունալի քաղաքացիական պատերազմին Բոսնիայում, որը խլեց ավելի քան 100 000 մարդու կյանք եւ միլիոնավոր մարդկանց անօթեւան թողեց Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենասարսափելի կոտորածի ժամանակ»,-նշում է գործակալությունը: