Chrysler-ը ներկայացրել է էլեկտրական քրոսովեր Airflow պատմական անվանմամբ
Սպառողական էլեկտրոնիկայի CES ցուցահանդեսում Chrysler ընկերությունը ներկայացրել է էլեկտրական քրոսովեր Airflow պատմական անվանմամբ, գրում է Мотор-ը։
Անունն օգտագործվել է այն մոդելի համար, որն արտադրվում էր 1934-1937թթ.։ Airflow-ն շրջահոս թափքով առաջին լիաչափ ամերիկյան ավտոմեքենան էր։ 2022թ. կոնցեպտը կառուցված է Stellatnis STLA մոդուլային պլատֆորմի վրա, իսկ այն շարժման մեջ են դնում երկու շարժիչները՝ յուրաքանչյուր առանցքին մեկ հատ։
Chrysler-ը ներկայացնում է Airflow-ի որոշ տեխնիկական բնութագրեր. էլեկտրաշարժիչներից յուրաքանչյուրի հզորությունը 204 ձիաուժ է (150 կիլովատ), իսկ մարտկոցի մեկ լիցքավորմամբ էլեկտրաքարը կարող է անցնել 563-643 կիլոմետր։ Մեքենան կարող է ընթանալ առանց վարորդի (ավտոպիլոտը համապատասխանում է ինքնուրույնության երրորդ մակարդակին ըստ SAE դասակարգման), այսինքն՝ ինքնուրույն շարժվել երթեւեկությունում, արգելակել, արագություն հավաքել եւ շրջվել, բայց վարորդից պահանջվում է մշտապես վերահսկել իրավիճակը ճանապարհին եւ պատրաստ լինել վերցնելու մեքենայի կառավարումը։
Airflow-ը կոչված է ցուցադրելու Chrysler-ի մտադրությունը՝ էլեկտրիֆիկացնել մոդելային շարքը։ Առաջին սերիական էլեկտրաքարը պատրաստ կլինի 2025թ., իսկ արդեն 2028թ. ընկերության բոլոր մոդելները կգործեն մարտկոցներով։ Իսկ հիմա Chrysler-ը ներկայացված է երկու մեքենայով՝ Pacifica լիաչափ մինիվենով եւ բիզնես դասի 300 ինդեքս ունեցող սեդանով։