Ալմաթիում հրդեհվել է նախագահի նստավայրը. այրվում են քաղաքապետարանի շենքի բոլոր հարկերը
Ալմաթիում Ղազախստանի նախագահի նստավայրը հրդեհվել է, լսվում են բարձր կրակոցներ: Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Հաղորդվում է նաև, որ Ալմաթիում այրվում են ցուցարարների կողմից հարձակման ենթարկված քաղաքապետարանի շենքի բոլոր հարկերը:
Այսօր ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է zakon.kz լրատվական պորտալը՝ ականատեսներին հղումով։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։
Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։
Իսկ մինչ այդ Ալմաթիի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին հատուկ ջոկատի վահան է, որը, ամենայն հավանականությամբ, ցուցարարները գրավել են երեկվա բախումների ժամանակ։ Երթի մասնակիցներից ոմանք օգտագործում են հատուկ մեքենաներ, որոնք կարող են պատկանել նաև ուժայիններին։