Վրաստանում օմիկրոնի տարածումն իր գագաթնակետին կհասնի հունվարի կեսերին
Հունվարի կեսերին Վրաստանում կարող են գրանցվել նոր օմիկրոն շտամով վարակման առավելագույն թվով դեպքեր։ Նման կարծիք է հայտնել իմունականխարգելման խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։
Վերջին տվյալներով՝ Վրաստանում հաստատվել է օմիկրոնով վարակման 148 դեպք։
Նրա խոսքով՝ 2-4 շաբաթվա ընթացքում վիրուսի տարածման տեմպերը կհասնի իր գագաթնակետին։
«Ելնելով դրանից՝ մենք ասում ենք, որ հունվարի կեսերին Վրաստանում պետք է լինեն օմիկրոն շտամով վարակման առավելագույն թվով դեպքեր»,-ասել է Չխաիձեն։
Միեւնույն ժամանակ, նա չի բացառում, որ օմիկրոնով վարակման մակարդակը կարող է գերազանցել օրական 6,2 հազար դեպքը․ սա Վրաստանում 2021 թվականի օգոստոսի 17-ին գրանցված ռեկորդային ցուցանիշն է։