Ալմաթիում իրավակարգի ապահովման եւ ծայրահեղականության դեմ պայքարի օպերացիա է ընթանում
Ալմաթիում իրավակարգի ապահովման եւ ծայրահեղականության դեմ պայքարի օպերացիա է ընթանում, վարորդներին հորդորում են շրջանցել քաղաքի որոշ շրջանները, հայտնում է Սպուտնիկ Ղազախստանը։
«Օրենքի եւ իրավակարգի ապահովման եւ ծայրահեղականության դեմ պայքարի օպերացիայի շարունակման հետ կապված՝ մեքենաների սեփականատերերին խնդրում ենք պլանավորել իրենց երթուղիները՝ շրջանցելով Տոլե Բի փողոցը, Ռայիմբեկի եւ Աբայի պողոտաները, ինչպես նաեւ քաղաքի կենտրոնը։ Խնդրում ենք նաեւ քաղաքի բնակիչներին զերծ մնալ զբոսանքներից եւ հասարակական վայրեր այցելելուց։ Այս միջոցները թելադրում են ձեր անձնական անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
Իրավապահ մարմինները շարունակում են քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու եւ օրենքի գերակայությունն ապահովելու ուղղությամբ։ Բնակիչներին խնդրում են նաեւ հավատալ միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին:
Ավելի վաղ Ալմաթիի գործարարներին խնդրել էին աշխատակիցներին աշխատանքի չկանչել հունվարի 5-ին եւ 6-ին, եթե խիստ անհրաժեշտություն չկա: Քաղաքում հասարակական տրանսպորտը չի աշխատում։
«Քաղաքում արտակարգ դրություն է մտցվել, կան մի շարք սահմանափակումներ քաղաքացիների եւ բիզնեսի գործունեության համար։ Ես ուզում եմ հորդորել Ալմաթիի ձեռներեցներին 2022 թվականի հունվարի 5-ին եւ 6-ին իրենց աշխատակիցներին աշխատանքի կանչել միայն արտակարգ իրավիճակների դեպքում»,-ասել է Ալմաթի քաղաքի շրջանային խորհրդի նախագահ Մաքսիմ Բարիշեւը։
Ղազախստանի իշխանությունները օպերատիվ արձագանքել են հունվարի 2-ին Ակտաուում սկսված ցույցերին։ Աջակցելով ցուցարարների որոշ պահանջներին՝ կառավարությունը նվազեցրել է հեղուկ գազի գինը մինչեւ 50 տենգե, ինչպես պահանջում էին Մանգիստաու շրջանի ցուցարարները։