Ղազախստանում շրջաններից ևս մեկում ԱԴ ռեժիմ է մտցվել՝ կապված բողոքի ակցիաների հետ
Ղազախստանում շրջաններից եւս մեկում ԱԴ ռեժիմ է մտցվել՝ կապված բողոքի ակցիաների հետ։ Երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել Ալմաթիի շրջանում արտակարգ դրություն մտցնելու մասին, հայտնում է Սպուտնիկ Ղազախստանը։
«Ալմաթիի շրջանի սահմանների մոտ արտակարգ դրություն մտցնել 2022 թվականի հունվարի 5-ին ժամը 12:30-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 19-ը ժամը 00:00-ն ընկած ժամանակահատվածում»,-ասվում է Akorda կայքում հրապարակված փաստաթղթի տեքստում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել Ալմաթիում եւ Մանգիստաու շրջանում։
Բողոքի ցույցերը սկսվել են Ամանորից հետո Մանգիստաուում գազի գնի կտրուկ բարձրացման պատճառով։ Հունվարի 4-ին բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Ղազախստանի այլ շրջաններում։ Հունվարի 5-ի գիշերը Ալմաթիում ինքնաբուխ ցույցը վերածվել է ջարդերի։ Ցուցարարները ջարդել են ոստիկանական մի քանի մեքենաներ։ Անվտանգության ուժերը ցուցարարներին հետ մղելու համար արցունքաբեր գազ են կիրառել։
Ղազախստանի իշխանությունները օպերատիվ կերպով արձագանքել են ցույցերին։ Աջակցելով ցուցարարների որոշ պահանջներին՝ կառավարությունը նվազեցրել է հեղուկ գազի գինը մինչեւ 50 տենգե, ինչպես պահանջում էին Մանգիստաու շրջանի ցուցարարները։