Սարի Թաղում «Օպելը» վրաերթի է ենթարկել 3 մարդու, ապա բախվել «Մերսեդեսին». 5 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Հունվարի 4-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղից Խորենացու փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այնուհետև բախվել «Mercedes C» մակնիշի ավտոմեքենային։
«Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացիներ Մ․ Մ․-ն (ծնված 1998 թ.), Գ․ Թ․-ն (ծնված 1996 թ.), Կ․ Խ․-ն (ծնված 1986 թ.), Դ․ Ա․-ն (ծնված 1997 թ.) և Մ․ Ղ․-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Կ. Խ․-ի և Մ. Մ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար: