Տղամարդը դանակահարել, իսկ նրա կինը քարով ու օղու կոտրած շշով հարվածներ էր հասցրել տուժողին. հարուցվել է քրգործ
Հունվարի 2-ին՝ ժամը 3-ի սահմաններում, Այնթապ գյուղի մի բնակչուհի 1-02 էր զանգել եւ հայտնել էր, որ որդուն դանակահարել են, մյուս ահազանգը ժամը 4.30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից էր. հերթապահ քույրը հայտնում էր, որ մարմնի տարբեր հատվածների ծակած-կտրած վերքերով 34-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից։
Նախնական տվյալներով՝ նույն օրը տուժողի ծանոթները, որոնք Ոսկեհատ գյուղում բնակվող ամուսիններ էին, ժամը 3-ի սահմաններում նրա տուն էին գնացել։ Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էին։ Վեճի ընթացքում ծանոթ տղամարդը դանակահարել, իսկ նրա կինը քարով ու օղու կոտրած շշով հարվածներ էր հասցրել տուժողին։
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողները ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին եւ խոստովանել կատարածը։
Նրանք նաեւ ներկայացրել են հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով ծալովի դանակը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Տղամարդը ձերբակալվել է, կինը՝ ստորագրությամբ բաց թողնվել։
Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։