Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, Ռուսթավիի բանտում գտնվող Միխայիլ Սաակաշվիլին անկախ բժիշկներ է պահանջում
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, Ռուսթավիի բանտում գտնվող Միխայիլ Սաակաշվիլին անկախ բժիշկներ է պահանջում, ինչպես նաեւ գաղտնի ինֆորմացիայի փոխանակման հնարավորություն այցելուների հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով փաստաբան Շոթա Թութբերիձեին։
«Եթե այս պահանջները չկատարվեն պատժիչ ծառայության կողմից մինչեւ հունվարի 6-ը, Միխայիլ Սաակաշվիլին կդիմի բողոքի ծայրահեղ ձեւին»,- երկուշաբթի լրագրողներին ասել է փաստաբանը։
Նա տեղեկացրել է, որ Սաակաշվիլուն հնարավորություն չեն տալիս հանդիպելու անկախ բժիշկների հետ։ «Մենք՝ փաստաբաններս, նույնպես պահանջում ենք պատժիչ ծառայությունից, որպեսզի գաղտնի շփվենք Միխայիլ Սաակաշվիլու հետ, ինչպես առաջ տեղի էր ունենում Ռուսթավիի բանտում, գրությունների փոխանակման միջոցով»,- ասել է փաստաբանը։
Սաակաշվիլին գաղտնի Վրաստան էր եկել անցած տարվա սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 1-ին նա կալանավորվել էր Թբիլիսիում, ինչից հետո տեղափոխվել էր Ռուսթավի քաղաքի բանտ, որտեղ հացադուլ էր հայտարարել։ Նոյեմբերի 8-ին նրան, առանց հարազատների եւ փաստաբանների հետ համաձայնեցման, Ռուսթավիի բանտից տարել են Թբիլիսիի բանտային հիվանդանոց (Գլդանի շրջան)։ Հետագայում, նոյեմբերի 20-ին, նա տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ։ Դեկտեմբերի 30-ին Սաակաշվիլուն վերադարձրել են Ռուսթավիի բանտ։
Վրաստանում Սաակաշվիլին անցնում է մի քանի քրեական գործերով։ Իր կալանավորումը նա համարում է անօրինական, իսկ մեղադրանքները՝ կեղծված։