ԱՄՆ-ում Tesla ընկերությանը քննադատել են Ցզինյանում շոուռումի բացումից հետո
Էլեկտրաքար արտադրող Tesla-ին ԱՄՆ-ում քննադատել են Չինաստանում շոուռումի բացվելուց հետո, տեղեկացնում է BBC-ն։
Շոուռումը բացվել էր Նոր տարվա շեմին Ցզինյանի Ուրումչի քաղաքում։ Այդ քայլը արժանացել էր Չինաստանի հավանությանը, բայց ԱՄՆ-ում ընկերությանը քննադատել են դրա պատճառով։
Մասնավորապես, արտահայտվել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, որը օրինագիծ է հեղինակել, որով ընկերություններից պահանջվում է ապացուցել, որ Ցզինյանից իրենց ներմուծած ապրանքները հարկադիր աշխատանքի արդյունք չեն։
«Ոչ պետական կորպորացիաները օգնում են Չինաստանի կոմկուսին թաքցնել ցեղասպանությունը եւ ստրկական աշխատանքը տարածաշրջանում»,- ասել է քաղաքական գործիչը։
Ցզինյանում շոուռումի բացումը քննադատել է նաեւ Ամերիկյան արդյունաբերության դաշինքի նախագահ Սքոթ Փոլը։
«Ուղղակի կասեմ. ցանկացած ընկերություն, որը բիզնես է վարում Ցզինյանում, այնտեղ տեղի ունեցող մշակութային ցեղասպանության մասնակից է։ Բայց Tesla-ի գործողությունները հատկապես զզվելի են»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը մեղադրում է Չինաստանին ազգային փոքրամասնության՝ ույղուրների ստրկության եւ ցեղասպանության մեջ։ Չինաստանը հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։