Ամերիկուհին, որն արքայազն Էնդրյուին մեղադրել է բռնաբարության մեջ, 2009-ին 500 հազար դոլար է ստացել լռության դիմաց
Ամերիկուհի Վիրջինա Ռոբերտս-Ջուֆրեն, որն արքայազն Էնդրյուին մեղադրել է բռնաբարության մեջ, 500 հազար դոլար է ստացել նրա եւ «մյուս պոտենցիալ մեղադրյալների» նկատմամբ պահանջների բացակայության համար։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով հրապարակված համաձայնագիրը, որը կնքվել է ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի եւ Ջուֆրեի միջեւ։ Վերջինս Էպշտեյնին մեղադրել է սեռական շահագործման համար։
Փաստաթղթում արքայազնի անունը չի նշվում։
Ջուֆրեն արքայազն Էնդրյուի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել։ Մանհեթենի դատարանն այն ընդունել է քննության նախորդ տարվա ամռանը։ Ջուֆրեն պնդում է, որ 20 տարի առաջ, երբ ինքը 17 տարեկան է եղել, սեռական շահագործման է ենթարկվել Էպշտեյնի եւ նրա ընկերուհու՝ Գիսլեյն Մաքսվելի կողմից։ Նոր տարվա նախօրեին Մաքսվելին մեղավոր են ճանաչել մանկահասակների բռնաբարության համար։
Ջեֆրի Էպշտեյնն իր կյանքին վերջ է տվել 2019թ․-ի օգոստոսին 66 տարեկանում Մանհեթենի բանտում։