«Շենք մուտք չի լինելու». Ոստիկանները Վարդենիսում չթույլատրեցին ընտրված ավագանու անդամների մուտքը համայնքապետարան
Վարդենիսում ոստիկանները չեն թույլատրում ընտրված ավագանու անդամներին եւ նորընտիր քաղաքապետին մուտք գործել համայնքապետարան:
Ոստիկանները համայնքապետարանի մոտ նախ պահանջեցին ընտրված ավագանու անդամների եւ քաղաքապետի մանդատները, ապա տեղեկացրեցին, որ վարչական դատարան հայց է ներկայացվել, հայցն ընդունվել է եւ ավագանու անդամները չեն կարող բարձրանալ համայնքապետարանի շենք:
Ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանն ասաց, որ միջնորդություն է ներկայացվել, որ միջանկյալ որոշում կայացվի, սակայն այդ միջնորդությունն այս պահին բավարարված չէ, ուստի իրենք կարող են մուտք գործել համայանքապետարանի շենք:
Ընտրված համայնքապետի փաստաբանն էլ ասաց, որ եթե հայցի ապահովման որեւէ միջոց չի ընտրել դատարանը, ինչպես նաեւ չկա դատարանի կողմից կայացված օրինական որոշում, որ ավագանու նիստի որոշումն անվավեր է, ապա ավագանին այսօր կարող է մուտք գործել շենք եւ իրականացնի աշխատանքներ:
«Հարգելի ոստիկաններ, երդմնակալության համար հրավիրված նիստը ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ ավագանու աշխատանքային պարտականություններն են, ըստ այդ մենք խնդրում եւ պահանջում ենք ավագանու անդամների մուտքը համայնքապետարան եւ ապահովել ավագանու բնականոն աշխատանքը»,- ասաց նա:
Ոստիկանության ներկայացուցիչը ասաց, որ իրենք թույլ չեն տալու ավագանու մուտքը համայնքապետարանի շենք, եւ ավագանու անդամները կարող են երդմնակալության արարողությունը կատարել մեկ այլ վայրում:
Նշենք, որ ոստիկանները որեւէ փաստաթուղթ չներկայացրեցին, թե ինչ որոշման հիման վրա են արգելել ավագանու անդամների մուտքը համայնքապետարանի շենք:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։
Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ավագանու անդրանիկ նիստը: Մինչեւ նիստի սկսելը ոստիկանությունը փորձել էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ 3 ժամ անց ընդդիմությանը ի վերջո հաջողվել էր նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: ՔՊ-ականները նիստին չեն մասնակցել: