Գերմանիայի արտգործնախարարը կմեկնի ԱՄՆ՝ քննարկելու Ռուսաստանի հետ հարաբերությունները
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հունվարի 5-ին կմեկնի Վաշինգտոն, որտեղ հանդիպումներ կունենա իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի և այլ քաղաքական գործիչների հետ: Այդ մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ փոխանցում է Reuters-ը:
Դա կլինի Բերբոքի առաջին պաշտոնական այցը: Բանակցությունների առանցքային հարցը կլինի ուկրաինական հակամարտությունը: Կքննարկվեն նաև Ռուսաստանի հետ ապագա երկխոսությունը, կլիմայական փոփոխությունները, ժողովրդավարության ամրապնդումը:
Գերմանիայի կանցլերի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականն էլ այս շաբաթ կհանդիպի իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ: Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի քարտուղար Շտեֆեն Հիբեշտրայթը: