Մավրիկիոսում օդանավակայանի աշխատակիցներն ինքնաթիռի զուգարանում նորածնի են հայտնաբերել
Մավրիկիոսի օդանավակայանի աշխատակիցները ինքնաթիռի զուգարանում աղբամանի մեջ նետված նորածին տղա են հայտնաբերել, հաղորդում է BBC-ն։
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է ծնունդով Մադագասկարից 20-ամյա մի կին։
Հունվարի 1-ին Մադագասկարից Air Mauritius ինքնաթիռը վայրէջք է կատարել Սըր Սիվուսագուր Ռամգուլամի անվան միջազգային օդանավակայանում:
Օդանավակայանի աշխատակիցները գտածոն հայտնաբերել են ինքնաթիռը զննելիս։
Նրանք երեխային շտապ տեղափոխել են պետական հիվանդանոց՝ բուժման համար։
Բերման ենթարկված կինը սկզբում հերքել է, որ երեխայի մայրն է, սակայն բուժզննում է անցել, որը հաստատել է վերջերս ծննդաբերության փաստը։
Հիվանդանոցում նա ոստիկանների հսկողության տակ է։
Հաղորդվում է, որ եւ՛ մայրը, եւ՛ երեխան իրենց լավ են զգում:
Երկու տարվա աշխատանքի թույլտվությամբ Մավրիկիոս ժամանած կինը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կհարցաքննվի, եւ նորածնին անօգնական թողնելու փաստով նրան մեղադրանք կառաջադրվի։