Թուրքիան ազդարարել է ԱՄՆ-ի հետ F-35-ների մատակարարման հարցով հանդիպման մասին
Թուրքիան եւ ԱՄՆ-ը F-35-ի խնդիրը կքննարկեն այս տարվա սկզբին կայանալիք հանդիպմանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Վաշինգտոնում, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչ վերաբերում է F-35-ին, ԱՄՆ պատվիրակությունը հոկտեմբերին այս հարցով Թուրքիա էր ժամանել։ Տարեսկզբին մեր պատվիրակությունը եւս մեկ անգամ կքննարկի այս հարցը։ Այս հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա Վաշինգտոնում։ Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը ամերիկյան կողմին, սպասում ենք արդյունքների»,- Աքարի խոսքերն է մեջբերում Huriyyet թերթը։
Ավելի վաղ ԱՄՆ-ը պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով։
ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել 2007թ. հունվարին Թուրքիայի կողմից ստորագրված F-35-ի համատեղ հուշագիրը՝ այն կնքելով F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Միացյալ Թագավորության, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ: Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր երկրին առաջարկել է գնել F-16 կործանիչներ այն բանից հետո, երբ այն դուրս է մնացել F-35-ի մատակարարման ծրագրից։