Ո՞ր զբոսաշրջային ուղղություններն են ամենաշատը տուժել կորոնավիրուսի պատճառով
Կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանների փակումը մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհում զբոսաշրջության վրա։ Դրանից ամենաշատը տուժել են որոշ հայտնի զբոսաշրջային ուղղություններով համարվող երկրներ եւ տարածաշրջաններ:
Մակաո
Հարավչինական ծովի ափին գտնվող Մակաոն գլխավորում է տուժած երկրների եւ տարածաշրջանների ցուցակը։ Մինչեւ 2020 թվականը տարածաշրջանը բարգավաճում էր, ամեն ամիս ավելի քան 3.38 միլիոն մարդ գալիս էր այստեղ՝ ծանոթանալու թեժ գիշերային կյանքին ու մշակույթին: Այժմ հանգստացողների ամսական թիվը նվազել է մինչեւ 491 հազար, այսինքն՝ 85.04 տոկոսով։
Կիպրոս
Երկրորդ տեղը զբաղեցրել է Կիպրոսը, որը բոլորին հայտնի է որպես Աֆրոդիտեի ծննդավայր, ինչպես նաեւ գրավում է զբոսաշրջիկներին գեղեցիկ լողափերով եւ լավ սնունդով։ 2019-2020 թվականներին Կիպրոս ժամանող զբոսաշրջիկների թիվը ամեն ամիս նվազել է 84.12 տոկոսով։ Ավելին, համացանցում «հանգիստ Կիպրոսում» որոնումների միջին թիվը նվազել է 45 տոկոսով։
Մալայզիա
Երրորդ տողում Մալայզիան է։ 2019 թվականին այստեղ այցելել է 2.175.065 զբոսաշրջիկ, իսկ 2020 թվականին՝ 361.060, այսինքն՝ 83.40 տոկոսով պակաս։
Թաիլանդ
Կորոնավիրուսից ֆինանսապես ամենաշատը տուժել է Թաիլանդը: Համավարակի ժամանակ թագավորությունը կորցրել է իր ՀՆԱ-ի 21 տոկոսը, իսկ տարվա ընթացքում ճանապարհորդների թիվը ամսական 3.3 միլիոնից նվազել է մինչեւ կես միլիոն։
Ըստ վերլուծաբանների՝ Թաիլանդն կորցրել է ընդհանուր 13.4 մլրդ դոլար։
Վարկանիշում ներառված են նաեւ Ֆիլիպինները, Մավրիկիոսը, Պորտուգալիան, Նոր Զելանդիան, Շրի Լանկան եւ Հունաստանը։