Պենտագոնի ղեկավարը կորոնավիրուսով է վարակվել
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի երեկոյան հայտարարել է, որ Covid-19-ի թեստի դրական պատասխան է ստացել՝ հաղորդելով նաեւ, որ իր ախտանիշները թեթեւ բնույթ են կրում, գրում է Politico-ն։
Օսթինը նշել է, որ թեստի պատասխանը կիրակի առավոտյան է ստացել։ Տանը ախտանիշեր զգալուց հետո նա խնդրել է թեստ անցկացնել:
Օսթինը, ով լիովին պատվաստված է եւ նաեւ կրկնակի պատվաստում է ստացել, հայտնել է, որ առաջիկա հինգ օրերի ընթացքում ինքը տանը կարանտինի մեջ կլինի:
«Ինչպես ինձ բացատրեց բժիշկը, իմ ամբողջական պատվաստումը եւ հոկտեմբերի սկզբին ստացածս պատվաստումը շատ ավելի թեթեւացրել են վարակը, քան այն կարող էր լինել հակառակ դեպքում: Եւ ես շնորհակալ եմ դրա համար»,- մեջբերում է հրատարակությունը Պենտագոնի ղեկավարին։
Նա նաեւ հայտնել է, որ իր հիվանդության մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին եւ պաշտպանության նախարարության մյուս պաշտոնյաներին։ Օսթինը հայտնել է, որ վերջին անգամ Բայդենի հետ հանդիպել է դեկտեմբերի 21-ին եւ հինգշաբթի օրվանից չի ներկայացել Պենտագոն։ Նա հայտարարել է, որ մտադիր է այս շաբաթ առցանց մասնակցել հանդիպումներին։
«Այս վիրուսի տարածումը կասեցնելը, մեր աշխատակիցներին պաշտպանելը եւ իմ սեփական արագ ու անվտանգ ապաքինումն ապահովելը մնում են իմ առաջնահերթությունները»,- ասել է նա։ «Որքանով դա հնարավոր է՝ առաջիկա շաբաթ ես նախատեսում եմ գործնականում մասնակցել առանցքային հանդիպումներին եւ քննարկումներին, որոնք անհրաժեշտ են իրավիճակը գնահատելու եւ որոշումներ կայացնելու համար: Ես կպահպանեմ իմ բոլոր լիազորությունները»,- ընդգծել է Օսթինը:
Պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը «այլ հարցերում անհրաժեշտության դեպքում» կփոխարինի նրան։
Օսթինը Պենտագոնի վերջին աշխատակիցն է, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Դեկտեմբերին դրական էր եղել Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար, գեներալ Դեն Հոքանսոնի թեստը: