Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում. 44-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով բախվել է ծառին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Երեկ՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Պ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բաբկեն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գրիգորյանի, ավագ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ավագ քննիչ Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: