Ֆրանսիան դարձավ ԵՄ խորհրդի նախագահող երկիրը
2022 թվականի սկզբից Եվրամիության Խորհրդում փոխվեց նախագահությունը։ Ֆրանսիան հունվարի 1-ին ռոտացիայով գլխավորել է ԵՄ-ի տվյալ օրենսդիր մարմինը՝ այդ դերը ստանձնելով Սլովենիայից, հաղորդել է DW-ն:
Հաջորդ վեց ամիսները կանցնեն «Վերականգնում, ուժ, պատկանելություն» կարգախոսով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հայտարարել է, որ «2022 թվականը պետք է շրջադարձային պահ դառնա Եվրոպայի համար»:
Էմանուել Մակրոնը կարծում է, որ աճի նոր մոդելը պետք է խթանի նորարարությունը և աշխատատեղերի ստեղծումը կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո, ապահովի Եվրոպայի մրցունակությունը և համապատասխանի կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի նպատակներին:
Ֆրանսիան ցանկանում է կենտրոնանալ շրջակա միջավայրի պահպանության և թվայնացման հարցի վրա։
Բացի այդ, շեշտը դրվելու է «եվրոպական ինքնիշխանության» վրա՝ հաշվի առնելով սահմանների պաշտպանությունը, ինչպես նաև պաշտպանության հարցերը:
Ամանորի գիշերը Ֆրանսիայի նախագահության մեկնարկի կապակցությամբ ամբողջ երկրում մի շարք շենքեր, ներառյալ Ելիսեյան պալատը և Էյֆելյան աշտարակը, լուսավորվել են կապույտ գույնով ՝ ի պատիվ ԵՄ-ի դրոշի: