Հազարավոր մարդիկ Նոր տարին դիմավորել են Թայմս սքվերում
Տասնյակ հազարավոր մարդիկ Նոր տարին դիմավորել են Թայմս սքվերում՝ չնայած Նյու Յորքում կորոնավիրուսի օմիկրոն շտամի ակտիվ տարածմանը, շաբաթ օրը տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Նյու Յորքի գլխավոր հրապարակ տանող փողոցներ գալ կարողացան միայն լրիվ պատվաստվածները՝ վկայականները ստուգում էին ոստիկանության աշխատակիցները։ Մարդկանց մի մասը, բայց ոչ բոլորը, եկել էր դիմակներով, սոցիալական հեռավորությունը անհնար էր պահպանել մարդկանց մեծ կուտակման պատճառով։ Հրապարակ թողնում էին միայն նրանց, ովքեր ունեին Նոր տարին Թայմս սքվերի տեստորաններում եւ բարերում դիմավորելու տոմսեր կամ եկել էին դեռ ցերեկը։ Քաղաքի իշխանությունների գնահատականներով՝ նրանց թիվը չպետք է գերազանցեր 15 հազարը։ Մյուսները կարող էին հրավառությանը հետեւել հարակից փողոցներից։
Անցած տարի տոնը Թայմս սքվերում դիմավորել էին միայն մի քանի տասնյակ հատուկ հրավիրվածներ. մասշտաբային տոնակատարությունները ստիպված էին չեղարկել համավարակի պատճառով։ Այս տարի Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն որոշել էր անցկացնել ավանդական մասշտաբային ամանորյա տոնակատարությունը, որպեսզի ցույց տա, որ քաղաքը կյանք է վերադարձել համավարակից հետո։ Նա միայն մի փոքր շտկում էր մտցրել պլանների մեջ օմիկրոն շտամից հետո՝ կարգադրելով խստացնել մուտքը Թայմս սքվեր։ Կենդանի համերգը փոխարինվել էր երկրի տարբեր մասերից՝ Լոս Անջելեսից, Ֆլորիդայից արտիստների ելույթների հեռարձակմամբ։ Զանգվածային միջոցառումները չչեղարկելու որոշումը քննադատության ալիք բարձրացրեց սոցցանցերում։
Նյու Յորքի նահանգը եւ նրա ամենամեծ քաղաքը վերջին շաբաթներին դարձել են ԱՄՆ-ում օմիկրոն շտամի տարածման գլխավոր օջախը։ Նահանգապետի գրասենյակի տեղեկատվությամբ՝ նախորդ օրը հայտնաբերվել էր հիվանդության 76,5 հազար նոր դեպք (մոտ երեք անգամ ավելի, քան դեկտեմբերի կեսին), 546 մարդ հոսպիտալացվել էր, կորոնավիրուսի հետեւանքներից մահացել էր 80 հիվանդ։
Մինչեւ համավարակը Թայմս սքվերում եւ Մանհեթենի կենտրոնական մասում Նոր տարին դիմավորելուն մասնակցում էր մինչեւ 1 մլն մարդ։
Առաջին անգամ տոնը Նյու Յորքի Մանհեթեն կենտրոնում զանգավածաբար նշվել է 1904թ. եւ նվիրվել է The New York Times թերթի կենտրոնակայանի բացմանը։ Պարբերականի պատվին երկնաքերերից մեկն ու հրապարակը ստացել են ներկայիս անվանումները։ Առաջին տոնակատարության ժամանակ տեղի է ունեցել հրավառություն, բայց 1907թ. հրավառությունը քաղաքում արգելվեց, եւ թերթը սկսեց Նոր տարին դիմավորել հսկայական գնդի իջեցմամբ բարձր շենքի սրածայր աշտարակից։
Բյուրեղյա գնդի անկումը մինչ օրս արարողությունների կենտրոնական իրադարձությունն է։ 3,6 մետր տրամագծով եւ 5,3 տոննա քաշով գունդը պատրաստված է 2,7 հազար եռանկյունիներից։ ԱՄՆ-ում Նոր տարվա այդ խորհրդանշանը ամեն անգան նորից ստեղծում են՝ փոխելով բյուրեղյա շերտերի դասավորությունը։ Բյուրեղյա գնդի իջեցմանը հաջորդում է հրավառությունը։