Ֆրանսիայում խոսել են Ռուսաստանի հետ հաշտվելու Եվրոպայի վերջին հնարավորության մասին
Atlantico ֆրանսիական հրատարակության հեղինակ Սեբաստիան Կլոշարը խոսել է Ռուսաստանի հետ հաշտվելու Եվրոպայի վերջին հնարավորության մասին, որը, ենթադրաբար, կլինի 2022 թվականին։ Նյութից հատվածներ է ներկայացրել ՌԻԱ Նովոստին։
Հեղինակի կարծիքով, անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները, որոնք Ռուսաստանը պահանջում է Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից, կարող են «վերջ դնել Սառը պատերազմին և մայրցամաքի բաժանմանը Խորհրդային Միության փլուզումից 30 տարի անց»։
Կլոշարի խոսքով՝ Մոսկվայի հետ երկխոսությունը համապատասխանում է նաև Վաշինգտոնի շահերին, որը կենտրոնացած է Չինաստանի հետ առճակատման վրա։
Լրագրողը կանխատեսել է նաև եվրոգոտու բաժանումը հյուսիսային և հարավային հատվածների՝ պայմանավորված Եվրոպական կենտրոնական բանկի քաղաքականությամբ, որը, նրա կարծիքով, մտադիր է շարունակել գնել որոշ երկրների, առաջին հերթին Ֆրանսիայի և Իտալիայի պետական պարտատոմսերը, նույնիսկ եվրոպական տնտեսության աջակցության ծրագրի ավարտից հետո։
Այսպիսով, կիրականացվի բյուջեի էմիսիոն ֆինանսավորում, ինչը հակասում է ԵՄ-ի և եվրոգոտու կանոններին։ Գերմանիան կընդդիմանա, ինչը կհանգեցնի եվրոգոտու պառակտմանը։